Հոդվածներ

Ինչպես ճիշտ կազմակերպել երեխայի այցը ստոմատոլոգիական կլինիկա

Բազմաթիվ ծնողների համար սա շատ կարևոր և երբեմն անլուծելի խնդիր է: Ճիշտ է,հարցն ավելի հոգեբանական է,քան ստոմատոլոգիական, սակայն,հուսով եմ,որ ստորև բերված խորհուրդները և դիտողությունները կօգնեն ձեզ և ձեր երեխաներին ավելի հեշտությամբ հաղթահարելու այն:
Որքան հաճախ է երեխան այցելում բժշկին,այնքան ավելի քիչ աշխատանք է լինում կատարելու:Մինչև երկու-երեք տարեկան երեխաները ստոմատոլոգին պետք է այցելեն տարին գոնե մեկ անգամ,իսկ երեք տարեկանից հետո ` երկու:Ամենևին էլ պարտադիր չէ,որ առաջին այցելության ժամանակ որևէ միջամտություն կատարվի,կարելի է ուղղակի զրուցել երեխայի հետ,ծանոթացնել նրան զանազան «խաղալիքների» հետ, և երեխան անպայման կսպասի հաջորդ այցելությանը:

Պայմանականորեն երեխաներին կարելի է բաժանել 3 խմբի`

Առաջին խումբ-երեխաներ,որոնք առաջին անգամ են այցելում ստոմատոլոգին:

Երկրորդ խումբ-երեխաներ,որոնք արդեն եղել են ստոմատոլոգի մոտ և հեռացել նեգատիվ էմոցիաներով:

Երրորդ խումբ-երեխաներ,որոնք այցելել են ստոմատոլոգին և հեռացել դրական էմոցիաներով:

Առաջին խմբի երեխաների հետ շատ ավելի հեշտ է հաջողվում կոնտակտի մեջ մտնել,իհարկե այն դեպքում,երբ բժիշկը ցուցաբերում է ճիշտ մոտեցում և հոգատարություն:Նրանք հեշտորեն տարվում են այն «խաղով», որի մեջ իրենց ներգրավում է «հնարամիտ» բժիշկը:
Երկրորդ խմբի երեխաների հետ աշխատելը բավականին դժվար է,երբեմն` անարդյունավետ: Որպես օրենք նրանք գալիս են արդեն լուրջ խնդիրներով,որոնց բուժման համար հարկավոր է լինում ներդնել ավելի մեծ ջանքեր և ժամանակ:
Առհասարակ երեխայի վախի և էմոցիոնալ հոգեվիճակի մեջ իրենց բաժին մեղքն ունեն նաև ծնողները,որոնք,երբեմն չգիտակցելով ,նպաստում են իրավիճակի ստեղծմանը: Եթե վախենում եք դուք,վախենում են նաև ձեր երեխաները: Այդ իսկ պատճառով առաջին հերթին ազատվեք սեփական վախերից կամ երեխային ուղեկցեք մեկ այլ հարզատաի հետ:

-Սիրելի ծնողներ,երբեք երեխայի մոտ մի օգտագործեք «ցավել», «ծակել», «վախենալ» բառերը: Դրանք կարելի է փոխարինել նրանց համար ավելի ընդունելի և մեղմ բառերով:
Երբեք մի վիրավորեք երեխային,մի խոստացեք պատժել նրան,եթե նա բերանը չբացի.պահեք ձեզ որքան հնարավոր է բնական,քանի որ ցանկացած գերուշադրություն և գերհոգատարություն երեխայի մոտ առաջացնում է մտավախություն,թե իր հետ ինչ-որ բան է կատարվելու:
Երեխային մի պատեք համբոյրներով միայն այն բանի համար,որ նա բացել է բերանը կամ հանգիստ նստել է այցի ժամանակ: Իհարկե խստապահանջությունը տեղին է բուժման ժամանակ,սակայն ցանկալի է բուժման ավարտին բալիկին խրախուսելը իր քաջ պահվածքի համար: Շատ լավ կլինի,եթե երեխան որևէ նվեր ստանա…
Բուժման ավարտից հետո խոսեք բալիկի հետ,պարզեք արդյոք դուր եկավ նրան,թե ոչ. եթե ոչ ,ապա ճշտեք,թե հատկապես ինչը նրան դուր չի եկել և նախապես հայտնեք բժշկին այդ մասին:Փորձառու և հոգատար բժիշկը անպայման կկարողանա տրամադրել երեխային և ի սկզբանե «սարսափելի» թվացող այցելությունը կդառնա ուղղակի հաճելի ժամանց:

ԲԺԻՇԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳ Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ