Հոդվածներ

Պարոդոնտիտ

Այսօր ստոմատոլոգիայում ամենատարածված հիվանդությունը համարվում է պարոդոնտիտը:
Դեռևս ոչ շատ վաղուց պարոդոնտիտի ախտորոշումը ատամների համար հնչում էր ինչպես «դատավճիռ», քանի որ այն համարվում էր անբուժելի: Մեր օրերում, սակայն, մեծ աշխատանք է տարվում ոչ միայն հիվանդության բուժման, այլև նրա կանխարգելման ուղղությամբ:

Նախ ցանկանում եմ ձեզ ներկայացնել հիվանդության այն նախանշանները, ըստ որոնց դուք ինքներդ էլ կկարողանաք հայտնաբերել ձեզ մոտ տվյալ հիվանդության առկայությունը: Բերանի խոռոչից տհաճ համն ու հոտը, ատամները լվանալիս լնդերից արյունահոսությունը, թերևս ամենատեսանելի նախանշաններն են, իսկ ատամնաքարերի առկայությունը արդեն իսկ տագնապի ազդանշան է ձեր ատամների և նրանց շրջապատող հյուսվածքների համար: Այն հանգեցնում է ատամների արմատների մերկացմանը, որի հետևանքով նրանք ասես երկարում են և հեռանում միմյանցից: Բուժման երկարատև բացակայությունը բերում է ախտահարված ատամների կորստի:

Երբեմն անցյալի «տհաճ հուշերը», ահն ու սարսափը հետ են պահում շատերին ստոմատոլոգին այցելելու և ատամնաքարերը հեռացնելու մտքից , չէ՞ որ, ոչ շատ վաղուց, չկային պրոֆեսիոնալ սարքավորումներ և այս պրոցեդուրան կատարվում էր միայն ձեռքի գործիքների օգնությամբ (համոզված եմ զգացողությունները հաճելի հուշեր չեն կարող արթնացնել): «Ամենավախկոտ» պացիենտներին ուզում եմ հավաստիացնել, որ այժմ բոլոր պրոցեդուրաները կատարվում են լիովին անցավ, և հենց առաջին այցից հետո դուք նկատելիորեն կզգաք վիճակի բարելավում:

Այս տհաճ և անցանկալի հիվանդությունից զերծ չեն մնում նաև երեխաները: Նրանք առավելապես կարիք ունեն ուշադրության և հոգատարության թե՛ բժշկի և թե՛ծնողների կողմից: Երեխաների մոտ հիվանդության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բորբոքային պրոցեսը ընդգրկում է դեռևս ամբողջովին չձևավորված և աճող հյուսվածքները:

Դրա զարգացմանը կարող են նպաստել՝
1. բերանի խոռոչի վատ հիգիենան.
2. Դ.Մ.Ծ համակարգի անոմալիաները
3. լեզվի կամ շրքունքի կարճ սանձիկի առկայությունը
4. սրտի բնածին արատը
5. շաքարային դիաբետը և այլն…

Սրանք գործոններ են ,որոնց առկայությունը պարտավորեցնում է ծնողներին և բժշկին ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել երեխայի նկատմամբ: Ստոմատոլոգին սիստեմատիկ այցելությունները, իհարկե զերծ կպահեն ձեզ և ձեր երեխաներին նման տհաճ և անցանկալի հիվանդությունից:

Հարգելի ծնողներ , խնամե՛ք և ուշադի՛ր եղեք ձեր երեխայի ամեն մի նոր ծկթած ատամիկին, քանի որ հենց դուք եք նրանց ապագա առողջ ապրելակերպի հիմնադիրը։

© 2014 ԿԱՄԱՐ ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի բժիշկ-ստոմատոլոգ` Արաքսյա Ռուբենի Համբարձումյան