Հոդվածներ

Ի՞նչ կապ կա լնդերի բորբոքման և էրեկտիլ դիսֆունկցիայի միջև

Թուրք գիտնականների հետազոտությունը պարզել է, որ լնդերի առողջական վիճակն ազդում է տղամարդկանց սեռական կյանքի որակի վրա: 

Թուրքիայում իրականացվել է հետազոտություն, որին մասնակցել է էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող  30-40 տարեկան 80 տղամարդ: Մասնակիցների մեջ լնդերի բորոբոքում ունեին 53%-ը, մինչդեռ առողջ տղամարդկանց մոտ ցուցանիշը 23% էր: Սեռական ունակությունը չափվում էր էրեկցիոն գործառույթի օգնությամբ: Լնդերի առողջության գնահատումն արվում էր հիգիենայի ինդեքսով՝ ատամնափառի առկայությամբ: Նաև չափվում էր պարոդոնտալ գրպանի խորությունը, և, որպես գործոն, դիտարկվում էր լնդերի արյունահոսության առկայությունը կամ բացակայությունը: 

Հետազատության հեղինակի խոսքերով՝ էրեկցիայի խանգարումը ժամանակակից աշխարհի հիմնական խնդիրներից է, որն ազդում է ավելի քան 150 միլիոն մարդու և իրենց զուգընկերների կյանքի որակի վրա: 

Լնդերի ուժեղ բորբոքումը կամ քրոնիկ պարոդոնտիտը վարակային հիվանդություն է, որն առաջանում է լնդերի տակ պաթոգեն մանրէների բազմացման հետևանքով: Պարոդոնտիտի պատճառ կարող են լինել սրտանոթային հիվանդությունները, արյան շրջանառության խանգարումները, ծխելը, շաքարային դիաբետը և անպիսի հոգեբանական հիվանդություններ, ինչպիսիք են զգացմունքային ուժեղ սթրեսն ու դեպրեսիան: 

Էրեկցիայի խնդիրները կարող են առաջանալ հենց այս պատճառներով,  դրա համար տղամարդկանց մոտ լնդերի բորբոքումը պետք է դիտարկել որպես էրեկցիայի հավանական խնդիրների առաջացման առաջին ցուցանիշ: