Հոդվածներ

Ատամնային իմպլանտը օրգանիզմում հակազդեցություն չի հարուցում

Ատամնային իմպլանտի տեղադրումը, ինպես եւ ցանկացած բժշկական միջամտություն, ունի իր ցուցումներն ու հակացուցումները։  Ճիշտ ախտորոշման, պլանավորման եւ տեղադրման դեպքում բարդություններ գրեթե չեն լինում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Կամար» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն, ստոմատոլոգ-իմպլանտոլոգ Տիգրան Հակոբյանը։

Իմպլանտը կառուցվածքով նմանեցված է մեր ոսկրին, սպունգանման մակերեսով։ Ատամնային իմպլանտը օրգանիզմում հակազդեցություն գրեթե չի հարուցում։ Իմպլանտոլոգիայում կա այսպիսի արտահայտություն. «օրգանիզմը տիտանը չի նկատում»։  Իմպլանտի ստերիլ, ատրավմատիկ եւ ճիշտ ներդրման դեպքում ընթանում է ոսկրագոյացման եւ վերքի լավացման բնական պրոցես։ 

Ատամի իմպլանտ կարելի է տեղադրել չափահաս տարիքից սկսած, երբ որ ծնոտները վերջնական կազմավորվել են։ «Եվ ֆինանսապես ապահովված մարդկանց», – կատակում է բժիշկը։ Իմպլանտները հակացուցված են բոլոր այն ընդհանուր դեպքերում, երբ կան վիրահատության  հակացուցումներ՝ արյան անմակարդելիություն, հոգեկան խանգարումներ, ծնոտի չարորակ գոյացություններ։ «Առաջ եթե դիաբետը համարվում էր հակացուցում, հիմա ընդհանրապես հակացուցում չէ , ուղղակի չկոմպենսացված դիաբետը ոչ բարենպաստ է։ Այդ ամենը եթե հնարավոր է դիետաներով, դեղերով կարգավորել, մենք մեր գործողություններն անում ենք բծախնդրորեն, որից հետո բարդություն չի լինում», – ասաց նա։ 

Իմպլանտի տեղադրումից հետո բարդություն առաջանում է այն դեպքում, եթե մարդն ունի ոսկրի խնդիր ընդհանրապես։ «Ավելի քիչ հավանական է, որ իմպլանտը վնասվի, քան առողջ ատամը, քանի որ ատամներն ունեն կապանային, նյարդային, արյունատար  համակարգեր, որոնք տարիքի ընթացքում տարբեր պատճառներով վնասվում են՝ սթրես, սխալ սննդակարգ, վատ հիգիենա։ Իսկ իմպլանտն ուղղակի ոսկրի մեջ թաղված մարմին է, որը խոցելի չէ։ Թեպետ, եթե կա լնդային հիվանդություն, ապա դա ոչ բարենպաստ է նաեւ իմպլանտների համար, ուղղակի իմպլանտն ավելի քիչ խոցելի է, քան մարդու սեփական ատամը։ Եթե կան վատ տեղադրված իմպլանտներ, կամ իմպլանտների վրա վատ տեղադրված օրթոպեդիկ կոնստրուկցիաներ՝ այսինքն, ծամողական ճնշման ճիշտ բաշխում չի արված, կամ կեղծ գրպանիկներ են առաջանում, ուր կարող է սնունդ կուտակվել եւ բակտերիաներ առաջանալ, այդ դեպքում կարող է զարգանալ պերիիմպլանտիտ՝ շուրջիմպլանտային բորբոքում։ Սա նոր ուղղություն է, եթե մինչ այդ խոսում էինք պերիոդոնտիտի մասին՝ շուրջատամնային հյուսվածքների բորբոքման, ապա այսօր պերիիմպլանտիտը դառնում է ակտուալ թեմա։ 

Ըստ բժշկի, նման զարգացումներից խուսափելու համար հարկավոր է շատ բծախնդիր լինել իմպլանտի տեղադրման ժամանակ։ Դա կոչվում է բերանի խոռոչի սանացիա՝ բերանի խոռոչը բերվում է առողջ վիճակի։ «Մարդն անպայման անցնում է ծնոտի եռաչափ կոմպյուտերային տոմոգրաֆիա։  Ոսումնասիրվում են ոսկրի խտությունն ու որակը, որից հետո ընտրվում է ինչ արագությամբ եւ ինչ հովացումով պետք է տեղադրվեն իմպլանտները, որ տվյալ ոսկրի համար անվտանգ լինի», – ասաց նա։ 

Իմպլանտն իրենից ներկայացնում է պարույրավոր տիտանե ատամ։ Իմպլանտի ինտեգրման ընթացքը կարող է շատ արագ անցնել, մինչեւ երկու ամիս, թեպետ ինքը Տիգրան Հակոբյանը արագացված լուծումների կողմնակիցը չէ, եւ համարում է, որ ծնոտին պետք է հնարավորություն տալ մինչեւ վերջ իր խնդիրը լուծել, ապաքինվել, որպեսզի ոսկրագոյացության փուլերը վերջնական ավարտվեն, եւ դրանից հետո նոր դնել իմպլանտը ծամողական ճնշման տակ։ Որպեսզի այդ ընթացքում մարդը կարողանա ծամել, տեղադրվում են ժամանակավոր կոնստրուկցիաներ։ 

Իմպլանտացիան կատարվում է ստացիոնարին մոտեցված պայմաններում, այս դեպքում բարդություններ չեն լինում։ Կա վիճակագրություն, համաձայն որի աշխարհում ատամի իմպլնատների հետ կապված բարդությունները կազմում են 1-2%: Հիմնականում կատարվում է տեղային անզգայացում, իսկ եթե կան ցուցումներ՝ ընդհանուր։  Իմպլանտը ոսկրի հետ լրիվ սերտաճելուց հետո մարդը նույնիսկ ցանկության դեպքում չի կարող այն վնասել։ 

Իմպլանտների գները, ըստ ստոմատոլոգի, բավականին տատանվում են, այսինքն, կան տարբեր երկրների եւ տարբեր որակի առաջարկներ, միջինում մեկ իմպլանտի գինը կազմում է 400-500 դոլար, իսկ շատ բարձր որակի իմպլանտնը կարող է արժենալ 1300-1400 դոլար։ 

Հայաստանում աստիճանաբար մարդիկ ավելի շատ են վստահում այդ մեթոդին, որովհետեւ ունենք արդեն երկար տարիների դրական դիտարկումներ։ Իսկ 10-12 տարի առաջ ամենահամարձակներն էին դիմում այս մեթոդին, քանի որ շատ կասկածներ  կաին օտար մարմնի պատճառով», – ասաց բյիշկը, շեշտելով որ հետագա դրական փորձը ցրեց բոլոր կասկածները։ 

Աղբյուրը՝ med.news.am