Статьи

Լնդերի արյունահոսության պատճառները

Լնդերի արյունահոսության սկզբնական և հիմնական պատճառը բերանի խոռոչի անբավարար հիգիենան է: Այսինքն, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, ատամնափառի և ատամնաքարերի առաջացումը: Իսկ ատամնափառն ու ատամնաքարերը միկրօրգանիզմների բազմացման համար հիանալի միջավայր են, որոնք էլ բորբոքային ախտընթացի առաջացման պատճառ են դառնում: 

Բացի դրանից, լնդերի արյունահոսություն կարող է դիտվել մարդու օրգանիզմում հորմոնային փոփոխությունների ժամանակ: Օրինակ, սեռական հասունացման տարիներին կամ հղիության ժամանակ: Այս ընթացքում առաջանում են, այսպես կոչված դեռահասային գինգիվիտը և հղիների գինգիվիտը: 

Լնդերի արյունահոսություն կարող է լինել նաև արյան տարբեր հիվանդությունների, ինչպես նաև, C վիտամինի անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում: 

Բուժումը կախված է տվյալ ախտընթացի դրսևորումից: Եթե այն կապված է հորմոնային փոփոխությունների հետ, ապա անհրաժեշտ է առաջին հերթին բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրում կատարել: Երբ հորմոնային ֆոնը կարգավորվում է վերահիշյալ խնդիրները վերանում են: Իսկ եթե խոսքը լուրջ հիվանդությունների մասին է, ապա, առաջին հերթին, հարկ է ուշադրություն դարձնել հիմնական հիվանդության վրա: Իսկ եթե գինգիվիտ կամ պարօդոնտիտն է առկա, ապա պետք է վերացնել պատճառային գործոնը, մաքրել ատամնաքարերն ու ատամնափառը և, անհրաժեշտության դեպքում, պարօդոնտոլոգիական բուժում անցկացնել: 

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ինչպիսին էլ լինի լնդերի արյունահոսության պատճառը, բերանի խոռոչի հիգիենան պետք է անհրաժեշտ մակարդակով կատարվի, որպեսզի էլ ավելի չվատանա արդեն առկա վիճակը: