Статьи

Ինչի՞ց է կախված ատամների գույնը

Բնության մեջ կատարյալ սպիտակ ատամներ չեն լինում: Ատամի էմալի տակ գտնվում է ատամոսկրը, որը բնականից դեղին է: Ատամների երանգը կախված է էմալի թափանցիկ լինելուց: Ատամների բնական գույնը կարող է լինել տարբեր երանգների՝ դեղնասպիտակավունից մինչև մոխրագույն, սպիտակ: Ատամների բնական գույնը կարող է կախված լինել գենետիկական հակվածությունից և մարդու կենսակերպից: 

Որպես կանոն, ծխողների մոտ տարիների ընթացքում ատամների էմալին գոյանում է դարչնագույն փառ, և ատամները կորցնում են իրենց սպիտակ գույնը: Ատամները մգանում են նաև ներկանյութերից, որոնք կան սուրճի, թեյի, գինու և մրգահյութերի մեջ: Ատամների էմալի մուգ բծերի առաջացման պատճառ կարող է լինել մանկության ժամանակ դեղահաբերի ինտենսիվ օգտագործումը: 

Հիշեցնենք, որ ատամների էմալի մգացուման պատճառ կարող է հանդիսանալ նաև խմելու ջրի մեջ չափազանց շատ ֆտորի քանակությունը: Սպիտակ ատամների բացակայությունը կախված չէ հիգիենայի հետ: Դա կոսմետիկ թերություն է, որը կարելի է ուղղել ձեր ցանկության դեպքում: