Статьи

Ատամի խոզանակ և մածուկ, թե՞ աղ ու սոդա

Ատամի  մածուկներն ու խոզանակները պետք է որոշակի պարբերականությամբ փոխել: Խոզանակները նախընտրելի է փոխել ամիսը մեկ անգամ, խորհուրդ է տալիս իմպլանտոլոգ-ստոմատոլոգ Տիգրան Հակոբյանը։ 
Նրա խոսքով, շուկայում գոյություն ունեցող բոլոր մածուկներն էլ լավն են, եւ փաստացի պարունակում են ատամների մաքրման եւ սպիտակեցման համար բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, ուղղակի դրանք պետք է պարբերաբար փոխել: «Շատ երկար նույն տեսակի մածուկը պետք չէ օգտագործել, որովհետեւ դրա արդյունավետությունը ընկնում է», — ասաց նա NEWS.am Medicine-ին։ 

Բժիշկը խորհուրդ է տալիս խոզանակի ընտրության ժամանակ խորհրդակցել  ստոմատոլոգի հետ, քանի որ այդ ընտրությունը կախված է ատամների եւ լնդերի վիճակից. եթե լնդերը խոցելի են, փափուկ խոզանակ է անհրաժեշտ, իսկ եթե ատամնաքարեր կան՝ կոշտ: 

«Շատ կարեւոր են խոզանակի ճիշտ շարժումները ատամները մաքրելու ժամանակ. դրանք հիմնականում սանրող շարժումներ են, ուղղահայաց: Ես նաեւ խորհուր եմ տալիս օգտագործել ֆլոսեր՝ թելիկներ միջատամնային տարածությունները մաքրելու համար: Դրանց օգտագործման եղանակը նույնպես պետք է բացատրի բժիշկը», — ասաց Տ. Հակոբյանը: 

Նրա խոսքով, ցանկալի է ատամները մաքրել օրը երկու անգամ. ատամների վրա ձեւավորվում է սպիտակուցային շերտ, որը ունի պաշտպանիչ հատկություն: «Ատամները ավելի հաճախակի մաքրելով, մենք ուղղակի խանգարում ենք այդ բնական ընթացքը: Բայց 12 ժամ հետո այդ սպիտակուցային շերտը սկսում է ինքնաքայքայման ենթարկվել եւ դառնում է սննդամիջավայր մանրէների համար, այդ պատճառով ուղղակի, ոնց որ ասած, ավլում են դա խոզանակով, սանրող շարժումներով»,- ասաց նա: 

Ստոմատոլոգը խորհուրդ է տալիս նաեւ անպայման օգտագործել բերանի ողողման համար նախատեսված լուծույթներ՝ պատրաստի, որոնք վաճառվում են դեղատներում, կամ տնային պատրաստման թուրմեր՝ երիցուկի, շալֆեյի, կալենդուլայի, կաղնու կեղեւի լնդերի արյունահոսության դեպքում եւ այլն: Թուրմերի ընտրության հարցում Տ. Հակոբյանը եւս խորհուրդ է տալիս խորհրդակցել բժշկի հետ։ 

Ստոմատոլոգն ավելացրեց, որ ավանդական եղանակներով ատամների մաքրումը, օրինակ՝ աղով կամ կենցաղային սոդայով, տալիս է որոշակի արդյունք, բայց կարող է նաեւ շատ վնասել: «Ատամի համար չնախատեսված աբրազիվ է աղը, ու կարող է վնսաել էմալը:  Սոդան ունի այլ հատկություններ՝ հիմնային է եւ նախատեսված չէ բերանի խոռոչի համար։ Դա ինքնագործունեություն է, որը ատամների համար բացասական ազդեցություն անպայման կունենա»,- նշեց նա: 

Բժշկի խոսքով, գոյություն ունի բերանի խոռոչի բալանս, որը պետք է չխախտել։ «Եթե մենք մեր օրգանիզմը առողջ ենք պահում, պահպանում ենք հիգիենան, հավելյալ միջոցների կարիք չի լինում: Հաճախ մենք մեր հիվանդների համար վերաձեւակերպում ենք  «առողջ մարմնում առողջ հոգի» հայտնի խոսքը. «առողջ մարմնում առողջ լնդեր, իսկ առողջ լնդերի դեպքում՝ առողջ ատամներ»:  Բերանի խոռոչը մեր օրգանիզմի նախադուռն է, եւ այս խոռոչով անցնում է սնունդը, ջուրը, եւ եթե այնտեղ անառոջ միջավայր է, ապա պետք չէ հույս ունենալ, որ մեր օրգանիզմը կլինի առողջ» ,- ասաց նա: 

Աղբյուրը՝ med.news.am