Բոլորս գիտենք, որ ճիշտ սննդակարգը կարևոր է մեր ընդհանուր առողջության համար: Սակայն քչերը գիտեն, թե ինչպես է մեր սննդակարգն ազդում ատամների առողջական վիճակի վրա։ Ճիշտ սննդակարգը անմիջական ազդեցություն ունի ատամների և բերանի խոռոչի ընդհանուր առողջության վրա։
Ատամների առողջության հիմքը՝ վիտամիններ և հանքանյութեր
Կալցիումով, ֆոսֆորով, B խմբի վիտամիններով, D վիտամինով հարուստ սննդակարգը կարևոր դեր է խաղում ատամների ամրությունը պահպանելու գործում։ Կալցիումը և ֆոսֆորը ոչ միայն նպաստում են ոսկրային հյուսվածքի կառուցմանը, այլև ամրացնում են ատամի էմալը՝ կանխելով դրա քայքայումը։ Վիտամին D-ն օգնում է օրգանիզմին յուրացնել կալցիումը և ֆոսֆորը՝ նպաստելով ատամների օպտիմալ առողջության պահպանմանը:
Սահմանափակեք շաքարավազը և թթվային մթերքները
Շաքարն ու թթվային մթերքները ատամների հիմնական թշնամիներն են։ Շաքարը ստեղծում է միջավայր, որտեղ բակտերիաները բազմանում են՝ առաջացնելով թթու, որը քայքայում է էմալը։ Թթվային մթերքները, ինչպիսիք են ցիտրուսային մրգերը, նույնպես կարող են քայքայել էմալը: Խորհուրդ է տրվում սահմանափակել այս մթերքների օգտագործումը և դրանք ուտելուց հետո պահպանել բերանի խոռոչի հիգիենան:
Սննդակարգում ներառեք թարմ մրգեր և բանջարեղեն
Թարմ մրգերն ու բանջարեղենը պարունակում են վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք անհրաժեշտ են լնդերի առողջությունը պահպանելու և ատամի էմալը ամրացնելու համար: Այս մթերքները խթանում են նաև թքի արտադրությունը, ինչն իր հերթին լրացուցիչ միջոց է դառնում բերանի խոռոչի առողջության պաշտպանման համար:
Ընդունեք բավարար քանակությամբ ջուր
Ջուրն առանցքային դեր է խաղում սննդի մնացորդները վերացնելու և թքի արտազատման անհրաժեշտ մակարդակը պահպանելու գործում: Սա, իր հերթին, օգնում է կանխել ատամնափառը և կարիեսը:
Պարբերաբար այցելություններ ատամնաբույժին
Ճիշտ սննդակարգի հետևելուց բացի կարևոր է նաև ատամնաբույժի մոտ պարբերաբար պրոֆիլակտիկ նպատակներով այցեր կատարելը։ Պրոֆիլակտիկ այցերի ժամանակ բժիշկ-ստոմատոլոգը գնահատում է բերանի խոռոչի ընդհանուր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում իրականացնում է կանխարգելիչ գործողություններ։ Այսպիսով, հիշեք, որ սննդակարգն ուղղակիորեն ազդում է ձեր ատամների առողջության վրա։ Առողջ սննդակարգը, որը ներառում է բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու հանքանյութերը, օգնում է ձեզ պահպանել ատամների ամրությունն ու անկաշկանդ ժպիտը ողջ կյանքի ընթացքում: